Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում և այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի իրականացրած աշխատանքները:
Էդգար Արսենյանը, մասնավորապես, նշել է.
«Նախքան ընտրությունների օրվա՝ ժամը 08:00-ից 14:00-ի դրությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքներն ամփոփելը՝ հակիրճ տեղեկություն ներկայացնեմ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված Աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների մասին:
Աշխատանքային խմբի նպատակը՝ առերևույթ ընտրական հանցանքների մասին դիմումները, հաղորդումները, ինչպես նաև ԶԼՄ-ներով կամ սոցիալական ցանցերով արված հրապարակումներն ու ահազանգերը գրանցելը, հաշվառելը, ուսումնասիրելը, ստուգելը, ըստ ենթակայության ուղարկելն ու այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելն է:
Այն դեպքերում, երբ ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումը պարունակել է վերացական, ընդհանուր և անորոշ տեղեկատվություն, ապա ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբին հանձնարարվել է հետևողական լինել, որպեսզի բոլոր նման հաղորդումներն ուղարկվեն Ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցով ստուգողական գործողություններ ձեռնարկելու:
Այս համատեքստում, Քրեական օրենսգրքի 218-221-րդ և 231-232-րդ հոդվածների վերաբերյալ ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով ստուգելու: Նշված հոդվածները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն:
Այն դեպքերում, երբ հաղորդումն ի սկզբանե բովանդակել է հանցագործության վերաբերյալ բավարար տեղեկատվություն կամ այդ տեղեկությունը ձեռք է բերվել հաղորդման հիման վրա ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով՝ հաղորդումն անհապաղ վերահասցեագրվել է իրավասու քննչական մարմին:
Գլխավոր դատախազի կողմից հանձարարվել է նաև քրեական վարույթ նախաձեռնելուց հետո նախաքննության շրջանակներում ապահովել ամբողջ ծավալով գործի հանգամանքներից բխող ապացուցողական և վարութային այլ գործողությունների կատարումը՝ անհապաղ:
Նախընտրական քարոզչության ընթացքում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային խումբը փաստացի ուսումնասիրել է 17 հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում՝ 17 դեպքի վերաբերյալ:
-
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից`
-
4-ը՝ նախընտրական քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կամ նախընտրական քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելու դեպքերի առթիվ:
-
1-ը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու փաստի առթիվ:
-
1-ը՝ ընտրական իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու դեպքի առթիվ:
-
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 1-ը քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է նախաքննական մարմին` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
-
1 հաղորդում վերաբերել է ընտրական պաստառների տեղադրման ծառայության համար վճարներ ստանալուն, սակայն դրանք չտեղադրելուն:
-
Ստացված առերևույթ հանցանքի մասին ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ 1 հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել:
-
Ստացված ահազանգերից, դիմումներից, հաղորդումներից 7-ն ուղարկվել են ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:
Վերոնշյալ 7 դեպքից՝
-
5 դեպք վերաբերել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու եղանակով օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
-
1 դեպք վերաբերել է կուսակցության կողմից ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն,
-
1 դեպք վերաբերել է ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն:
-
Բացի դրանից՝ 2 հաղորդում, որոնք վերաբերել են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու նպատակով ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Աշխատանքային խմբի կողմից այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, ուսումնասիրվել է հրապարակում, ահազանգ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում պարունակող՝ 4 դեպք:
-
Ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 2-ը՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ուղարկվել են նախաքննական մարմին` Քննչական կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ: Դրանցից մեկը վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ այլ իրավախախտման:
-
Ստացված 4 ահազանգներից, դիմումներից, հաղորդումներից 2-ն ուղարկվել է Ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ՝ դրանցում նշված տեղեկությունների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: Դրանք վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն»: