Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ ստացվել է 101 դիմում: Մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների մասին տեղեկություն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:
«45 դիմում վերաբերել են հավատարմագրմանը, որոնցից 40-ը ներկայացվել են ԶԼՄ-ների կողմից. խոսքը տեղական ԶԼՄ-ների մասին է: 5 դիմում վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը. դրանից 3-ը տեղական կազմակերպություններից են եղել, 2-ը՝ միջազգային:
Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, դիմում ներկայացրած բոլոր ԶԼՄ-ները և կազմակերպությունները հավատարմագրվել են:
6 դիմում է ներկայացվել ինքնաբացարկի վերաբերյալ: Դրանք ներկայացվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից: Ընդ որում՝ մեկը ներկայացվել է մինչև գրանցում իրականացնելը, հետևաբար այդ կուսակցության ցուցակը գրանցվել է առանց այդ թեկնածուի տվյալների:
5 դիմում ներկայացրել են հետագայում, այն ժամանակ, երբ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքն արդեն գրանցված են եղել: Բոլոր դիմումները բավարարվել են, այդ թեկնածուի տվյալները հանվել են կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակից»,- մանրամասնեց Հակոբյանը:
Ըստ ԿԸՀ իրավաբանական վարչության պետի՝ 12 դիմում եղել է տեղեկատվության հարցում: Մեծ մասն առնչվել է ընտրողների ցուցակին, այն է՝ քվեարկության վայր, հասցեի փոփոխություն, ցուցակում գրանցման նոր հասցեի առկայություն: Նման հարցումները վերահասցեագրվել են ՀՀ ոստիկանություն:
Հարցումների մի մասը վերաբերել են վահանակների բաշխվածությանը, մի մասն էլ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, նրանց կազմերին ու գտնվելու վայրերին:
«Ստացվել է 18 դիմում, որոնցից 7 դիմումը ներկայացվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կամ նրանց ցուցակում ընդգրկված թեկնածուների կողմից»,- ասաց Հակոբյանը, ապա հավելեց, որ 6 դիմում ներկայացվել է համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող ԿԸՀ-ների կողմից, ևս 5 դիմում՝ ՀՀ քաղաքացիների կողմից:
«Մեկ դիմումով նշվում էր, որ անհայտ անձինք են գրանցված հասցեում, և քանի որ ընտրողների ցուցակներով զբաղվում է ոստիկանությունը, վերահասցեագրավել է այդ դիմումը:
Մեկ դիմումով պահանջվում էր պարզաբանել՝ արդյոք օրենքին համապատասխա՞ն են իրականացվել նախընտրական հիմնադրամներից կատարվող ծախսերը: Այդ հարցերը առաջացել էին կուսակցությունների և դաշինքի կողմից տրամադրված հայտարարագրերը հրապարակելուց հետո: ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկել և առկա տեղեկատվությունը դրա կապակցությամբ ներկայացրել է: Ընդ որում՝ մատնանշվել է, որ խախտում առա չի եղել»,- ասաց Հակոբյանը:
Մնացած դիմումներն առնչվել են նախընտրական քարոզչության սահմանած կարգի պահպանմանը, նյութերի մի մասն ուղարկվել է ոստիկանություն, մյուս մասի դեպքում ԿԸՀ-ն փորձել է պարզել հանգամանքները: