Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրությունները:
Երևանի բոլոր՝ 475 ընտրատեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքից քաղաքացիները կարող են ուղիղ հեռարձակմամբ տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը:
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը Երևանի ավագանու ընտրությունների մասին հրապարակելով ընդհանուր տեղեկություններ, մաղթեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
«Իմ գնահատմամբ՝ ընտրությունները եղել են մրցակցայինև թափանցիկ, և գաղտնի քվեարկությամբ երևանցիները կընտրեն ավագանի: 475 տեղամասերը բացվել են ժ. 08:00-ին, 460 տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից բացի եղել են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժ. 08:00-ի դրությամբ: Ընտրողների գրանցման բոլոր սարքերը տպել են զրոյական տեղեկանք, այսինքն՝ համակարգն աշխատում է: Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են»,- նշեց Հովակիմյանը: