Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մարտական կազմերով կմասնակցեն վարկանիշային ԱԱ-ին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները․ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կսկսեն 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը և 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:
Նորիկ Հարությունյանը կմեկնարկի որակավորման փուլից՝ ուժերը չափելով բուլղարացի Անդրեյ Բեկրենյուի հետ, իսկ Արման Անդրեասյանը քառորդ եզրափակչում կգոտեմարտի Չինաստանի ներկայացուցիչ Ցաոյի հետ։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):
Ազատոճայինների մրցելույթները կտևեն մինչև սեպտեմբերի 19-ը։
Սեպտեմբերի 22-ից մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ վարկանիշային ԱԱ-ին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: