Սաուդյան Արաբիայի իշխանությունները Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման պատվիրակությանը պաշտոնապես հրավիրել են այցելել Թագավորություն՝ այդ երկրրում հրադադարի հարցով բանակցելու համար, հայտնում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ հութիների ներկայացուցիչները Սանայից մեկնել են Ռիադ՝ Օմանից ժամանած պատվիրակության ուղեկցությամբ, որը միջնորդ է Սաուդյան Արաբիայի իշխանությունների և «Անսար Ալլահի» ղեկավարության միջև:
Հութիների պատվիրակությունը գլխավորող շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը հայտնել է, որ նախատեսել են բանակցություններում առաջին հերթին քննարկել հրադադարի համաձայնության հարցը, որից հետո հումանիտար խնդիրները՝ կապված հութիների վերահսկած տարածքում աշխատողներին աշխատավարձերը և սոցիալական նպաստները վճարելու, Սանայի օդանավակայանի շահագործումը վերականգնելու, ինչպես նաև բանտարկյալների ազատ արձակման հետ։ Բացի այդ, հութիները մտադիր են բարձրացնել Եմենի վերականգնման, երկրից օտար ուժերի դուրսբերման և համապարփակ քաղաքական կարգավորման հարցը։