Եվրամիությունը Կոսովոյին մեղադրել է Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումը խոչընդոտելու համար։ «Այսօր պարզվեց, որ անհնար է հաղթահարել տարաձայնությունները»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո։
Բորելի խոսքով՝ Կուրտին պատրաստ չէ Կոսովոյի սերբերին ավելի մեծ ինքնավարություն տալ, թեև Պրիշտինան խոստացել է դա անել Սերբիայի հետ 10-ամյա երկխոսության շրջանակներում, որն ընթանում է ԵՄ հովանու ներքո։ Վուչիչի հետ հանդիպմանը Կուրտին Սերբիայից պահանջել է ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ նախքան տարածաշրջանի սերբերին ավելի մեծ ինքնավարություն տալը։
2008 թ. Կոսովոն միակողմանիորեն անջատվեց Սերբիայից: Բելգրադի կառավարությունը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, որի բնակչության ավելի քան 90 տոկոսը էթնիկ ալբանացիներ են: Հյուսիսային Կոսովոյում մեծամասնություն են կազմում սերբերը, որոնք չեն ճանաչում Պրիշտինայի կառավարությունը: Այս տարի հակամարտությունն ավելի սրվեց և հանգեցրեց բռնությունների։
Բորելը երկու կողմերին էլ զգուշացրել է, որ բանակցությունների փակուղային իրավիճակը խանգարում է Կոսովոյի և Սերբիայի անդամակցությանը Եվրամիությանը: