Սեպտեմբերի 15-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Վ․Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորվել է քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանման, առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը: