Հունգարիան, Ռումինիան, Լեհաստանը և Սլովակիան սեպտեմբերի 16-ից կերկարաձգեն Ուկրաինայից ազգային հիմունքներով հացահատիկի ներկրման արգելքը, եթե մինչև կեսգիշեր Բրյուսելը նման որոշում չընդունի, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Radio Kossuth-ի եթերում։
«Արգելքի ժամկետը լրանում է այսօր: Առայժմ Բրյուսելի բյուրոկրատները չեն ցանկանում երկարաձգել այն: Եթե ժամկետը չերկարացվի այսօր կեսգիշերին, ապա մի քանի երկիր՝ Ռումինիան, Լեհաստանը, Սլովակիան և Հունգարիան, ազգային հիմքի վրա համատեղ կերկարաձգեն ներմուծման արգելքը»,- ասել է Օրբանը։
Այս տարվա մարտի վերջին Ուկրաինային սահմանակից ԵՄ հինգ պետություն (Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա) դիմել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ուկրաինայից հացահատիկի ներհոսքի հետևանքով առաջացած ճգնաժամին միջամտելու խնդրանքով։ Եվրահանձնաժողովն ընդունել է ժամանակավոր սահմանափակող միջոցներ՝ ուղղված միության սահմանամերձ երկրներում այդ ապրանքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների վերացմանը։ Դրանք ուժի մեջ են մտել մայիսի 2-ից, իսկ հունիսին երկարացվել են մինչև սեպտեմբերի 15-ը։
Հինգ պետությունից Բուլղարիայի խորհրդարանը որոշել է հանել ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բուլղարիային՝ որոշումը անվանելով «իսկական համերաշխության օրինակ»։