ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մշակութային ՊՈԱԿ-ների (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ և այլն) ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում նշել է. «Մշակութային հաստատությունները մշակույթի տարածման դեսպաններն են հասարակության մեջ: Մեր համատեղ խնդիրն է անել ամեն ինչ, որ այս կամ այն հաստատություն այցից հետո մարդկանց հետաքրքրությունը մշակույթի տվյալ ուղղության նկատմամբ մեծանա։ Եվ հենց այստեղ է, որ բոլորիս անելիքները և ջանքերը պետք է միատեղվեն: Վստահ եմ՝ համագործակցային աշխատանքը կնպաստի ժամանակակից արվեստի միջոցով մեր մշակութային ժառանգության ճանաչմանը, տարածմանն ու հանրահռչակմանը»:
Նախարարն անդրադարձել է մշակութային հաստատությունների նորոգման և բարեկարգման աշխատանքներին՝ նշելով, որ Կառավարությունն ավելացրել է կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծավալը։ Հաստատվել է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնելու նախագիծը: Այդ նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով: Քննարկվում է այդ մոդելը թատրոններում ևս ներդնելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գրադարանների դերի վերաիմաստավորմանը, մշակութային հաստատությունների համագործակցությունների ակտիվացմանը՝ հանրության լայն շերտերին հնարավորինս ներգրավելու նպատակով:
Ըստ նախարարի՝ հաստատությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու առումով կարևոր է ոլորտի առավել հրատապ խնդիրների վեր հանումն ու քարտեզագրումը:
«Ակնկալում ենք ձեզնից ստանալ տվյալ հաստատության ամենահրատապ խնդիրների ցանկը, որպեսզի դասակարգենք՝ ըստ առաջնահերթության և քայլեր ձեռնարկենք լուծումների ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Առանձնակի անդրադարձ է եղել նաև բաժանորդային տոմսերի քաղաքականությանը: Այս համատեքստում նախարարն ասել է. «Պետությունը խնդիր է դրել մշակութային հաստատություններում դպրոցականների համար ապահովել համալիր գիտելիքի փոխանցում՝ ներառյալ էքսկուրսավարի ծառայությունը: Թատրոն, թանգարան այցելությունը պետք է դառնա կրթական գործընթացի պարտադիր բաղադրիչ: Սա նաև լավ հնարավորություն է տվյալ հաստատության հանրահռչակման և բովանդակային սպասարկման վերանայման համար: Նպատակն է կամրջել կրթությունն ու մշակույթն այնպես, որ շահեն պետությունն ու քաղաքացին»:
Հանդիպման երկրորդ հատվածում մշակութային հաստատությունների ղեկավարները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, առաջիկա անելիքները, ոլորտի խնդիրները: Մասնավորապես անդրադարձ է եղել գալիք տարվա հոբելյանական միջոցառումների պատշաճ իրականացմանը, ընթացիկ շինարարական աշխատանքներին, ըստ այդմ՝ հաստատություններում ներառականության պարտադիր ապահովմանը, մարզային հաստատություններում վերակառուցման, պահպանման հրատապ աշխատանքների իրականացմանը և այլն: