ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարբերաբար մարդկանց հետ շփումներ ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ կան բազմաթիվ որոշումներ, որոնք ձևավորվել են կաբինետներից դուրս գալու և մարդկանց հետ ուղղակի շփումների արդյունքում: Ըստ վարչապետի՝ մշակվում է մի նախագիծ, որի կարգավորման թեման նույնպես նման շփումների արդյունքում է ի հայտ եկել: «Հանրապետությունում մոտավորապես 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել է ստվերային դաշտ: Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում: Այդ շփումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը չի կարողանում օգտվել բազմաթիվ ծրագրերից. բանկերի «սև ցուցակում» լինելով պայմանավորված՝ չեն կարողանում ստվերից դուրս գալ, քանի որ իրենց աշխատավարձերը բռնագանձվում են»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունը խնդրի լուծման համար նախատեսում է ստեղծել մի մեխանիզմ, որ չպետք է վերաբերի վերջին երեք տարիներին նման իրավիճակում հայտված մարդկանց: «Դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Այսինքն՝ սա կվերաբերի երեք տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել այդ մարդկանց, այդ թվում՝ գանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել: Դրանք պետք է քաղաքացուն բերեն այն եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ և բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել և դուրս գալ «սև ցուցակների» տրամաբանությունից: Կարծում եմ՝ սա նույնպես կարևոր ծրագիր է: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք ամենաճիշտ մեխանիզմը կներդնենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հարցը քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ այդ որոշումը կկայացնեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին նշել է, որ նախագծով նախատեսվում է անդրադառնալ 100 հազարից 1 մլն դրամի միջակայքում գտնվող վարկային պարտավորության դեպքերին, որոնց թիվը 204 հազար է. «Դրանց 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այս հնարավոր նախագծով նրանց, մի կողմից, աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից՝ հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը»: