Կենտրոնական Ասիայի երկրները պետք է միավորեն ջանքերը աշխարհաքաղաքական իրավիճակի սրման ֆոնին անվտանգության ապահովման համար: Այս մասին Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Աշխարհաքաղաքական լարվածության սրման հետ մեկտեղ մեզ համար առավել քան երբևէ կարևոր է միավորել ջանքերը տարածաշրջանի կայունության, անվտանգության և կայուն առաջընթացի ապահովման համար»,- ասել է Տոկաևը: Նա կարևորել է Կենտրոնական Ասիայի զարգացման համար բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ տարածաշրջանի երկրների առաջնորդներին միասնության և ավելի խոր ինտեգրման կոչ է արել:
Նա ընդգծել է տարածաշրջանի նկատմամբ տարբեր ուժային կենտրոնների մեծ հետաքրքրությունը, ինչի մասին, նրա խոսքով, վկայում է Կենտրոնական Ասիայի հետ ավելի քան 10 բանակցային ձևաչափերի ստեղծումը: Այդ կապակցությամբ նախագահն առաջարկել է մշակել համատեղ զարգացման առաջարկներ՝ հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները:
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցական հանդիպումը մեկնարկել է այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում: Հանդիպմանը առաջին անգամ մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: