Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներկրումը խթանելու համար ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգվեց ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծումը և օտարումը ավելացված արժեքի հարկից ազատման մասով գործող օրենսդրական նորմը ևս մեկ տարով երկարաձգելու անհրաժեշտությամբ:
«Ներկայումս, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ԱԱՀ-ի վճարումից մինչև 2024 թ. հունվարի 1-ը: Նախագծով նախատեսվում է ԱԱՀ-ից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը»,- հայտնեց Խոջոյանը:
«Մասնավորապես, 2022-ին ներմուծման ծավալը 2021 թվականի համեմատ աճել է 1,8 անգամ, իսկ 2020-ի համեմատ՝ շուրջ 12 անգամ, էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022-ին, 2021-ի համեմատ, աճել է 3,8 անգամ: Հարկ է նշել, որ ներկայումս ԵՏՀ հարթակում քննարկվում է էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ ևս 2 տարով մաքսատուրքի վճարումից ազատելու հարցը»,- ասաց Խոջոյանը:
Վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ ՀՀ-ում էլեկտրամոբիլների նկատմամբ ընկալումն աճում է, և դա, մեծ հաշվով, լավ լուր է:
«Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաև, որ Երևանում պարեկային ոստիկանությունն արդեն իսկ օգտագործում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ: Մենք լարված հետևում էինք, թե ինչ կասեն մեր հարգելի ոստիկաններն այդ մեքենաների գործունեության մասին: Պետք է ասեմ, որ շատ դրական արձագանք ունեն, բայց սպասում ենք, որ մի քիչ ավելի երկար ժամանակի համար անենք որոշակի հետևություններ: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արդեն Երևանում առաջին էլեկտրական ավտոբուսն է դուրս եկել երթուղի»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով պարեկային ոստիկանությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ եթե ծառայության հետ անհամատեղելի խնդրահարույց հարցեր չծագեն, պայմանավորվածություն է առկա, որ Երևանի պարեկային ոստիկանության համար հետագայում նոր մեքենաներ ձեռք բերելիս ձեռք կբերեն միայն էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ, այնուհետև դա փորձնական կկիրառվի նաև մարզերում:
Հիմնական խնդիրը, ըստ վարչապետի, որը ներկայումս ծագում է, մեքենաների լիցքավորման խնդիրն է:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ արդյոք որոշումներում դրվե՞լ է մեքենաների թարմության որոշակի ցենզ, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ չի դրվել, որպեսզի շահառուների կրիտիկական քանակ ձևավորվի, որ ենթակառուցվածքային հարցը լուծվի:
«Այս ոլորտում երկու մեծ պրոբլեմ ունենք՝ մեկը մեքենաների ուտիլիզացիան է, մեզ պետք են ենթակառուցվածքների զարգացման սցենարներ, բայց մենք 2025-ից կունենանք նպատակային խթանման ծրագիր, որովհետև իրոք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցները ուղարկի Հայաստան: Մենք ուշադիր հետևելու ենք, որ նման բան տեղի չունենա; Ամփոփելով՝ ասեմ, որ դեռևս 2024-ը կլինի լայնամասշտաբ արտոնության տարի, դրանից հետո կարգավորումներով այդ հարցերը կկարգավորենք, որպեսզի թիրախում լինի նոր մեքենան, նոր շահառուն»,- ասաց Մհեր Գրիգորյանը: