Եվրախորհրդարանը սեպտեմբերի 13-ին բանաձև է ընդունել, որում նշել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա վարչակազմը ներգրավված են ուկրաինացի երեխաների արտաքսման գործում: Եվրոպական խորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ:
Բանաձևում Լուկաշենկոն հանցակից է ճանաչվել Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխայի, այդ թվում՝ որբերի, բռնի տեղափոխմանը Բելառուսի առողջարարական ճամբարներ, որտեղ, ըստ եվրապատգամավորների, «նրանք ենթարկվում են ռուսականացման և գաղափարական մշակման»:
Բանաձևում դատապարտվում են Բելառուսի աջակցությունը Ռուսաստանին, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը, ռուսական բանակի համար բաղադրիչների արտադրությունը, երկրում ռուսական զորքերի տեղակայումը և բելառուսական հրահանգիչների կողմից նրանց վերապատրաստումը: