Հարավային Կորեան ափսոսանք և մտահոգություն է հայտնում «Վոստոչնի» տիեզերակայանում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների՝ ռազմական համագործակցության շուրջ քննարկումների կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիմ Սու Սոկը։
«Խոր մտահոգություն և ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ Հյուսիսի և Ռուսաստանի գագաթնաժողովում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ներառյալ՝ արբանյակների մշակումը՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ նախազգուշացումներին:
Գիտատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացմանը, ներառյալ՝ արբանյակները, որոնց արձակման համար օգտագործվում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները, արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով»,- ասել է դիվանագետը:
Նա հավելել է, որ Հարավային Կորեան ԱՄՆ-ի և այլ բարեկամ երկրների հետ հետևում է իրավիճակին: