Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) ավագ խորհրդական Քրիստոֆ Շաֆերին:
Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է հայաստանյան գիտական շրջանակների ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցությունը:
«Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է գիտության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի խթանման քաղաքականություն՝ մասնավորապես ֆիզիկայի և բնական գիտությունների բնագավառում և այս տեսանկյունից բարձր գնահատանքի է արժանի այն արդյունավետ փոխգործակցությունը, որն առկա է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության և մեր գիտահետազոտական կենտրոնների միջև»,- նշել է նախագահը:
Քրիստոֆ Շաֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ ՄՀԵԿ-ի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի միջև առկա է տասնամյակներով ձևավորված, սերտ համագործակցության ավանդույթ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ՄՀԵԿ-ի միջև շուրջ երեսուն տարվա արդյունավետ համագործակցությանը, քննարկվել են դրա ընդլայնման և խորացման հեռանկարները, այդ թվում՝ ՄՀԵԿ-ի հետ ուղղակի գործընկերության խթանումը ու կենտրոնում հայ մասնագետների վերապատրաստման հնարավորությունները:
Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու ֆիզիկայի և բնական գիտությունների ասպարեզում ֆիզիկայի ինստիտուտի և միջազգային կազմակերպության փոխգործակցության ներուժի կյանքի կոչմանը: