Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մասնակցել է Ներդրումային կառավարման ցուցահանդեսի բացման արարողությանը։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա իր ելույթում համառոտ ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի ցուցանիշները, որոնք 2022 թ․ կազմել են 12.6%, իսկ 2023 թվականի առաջին կեսին՝ 10.5%։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Նարեկ Տերյանն ընդգծել է Հայաստանի կարևորությունը տնտեսական և ներդրումային կամուրջների կառուցման տեսանկյունից։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի տնտեսական աճի հիմքում ընկած են արդյունաբերական ճյուղերի և ներդրումային միջավայրի բարելավումը։
Նախարարի տեղակալն իր խոսքում կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտների զարգացումը, ինչպես նաև Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավումը։ Նարեկ Տերյանն անդրադարձել է նաև հայկական այն ընկերություններին, որոնք արդեն իսկ ձեռք են բերել համաշխարհային ճանաչում։