ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստում դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, առաջարկեց թարմացված տեղեկություններ տրամադրել կենսաթոշակով անկանխիկ առևտրի դեպքերի վերաբերյալ:
«Ես տեղեկացա, որ օգոստոսին առաջին անգամ անկանխիկ առևտուրը կենսաթոշակառուների կողմից հատել է 5 մլրդ դրամի սահմանը. ճի՞շտ եմ հիշում»,- նախարարին հարց ուղղեց վարչապետը, ինչին ի պատասխան՝ Նարեկ Մկրտչյանը տվեց դրական պատասխան:
«Օգոստոսի հետվճարի տվյալներն արդեն ունենք, և ըստ էության, արդեն օգոստոսին նոր բանկ էր միացել՝ «Հայէկոնոմբանկը», և սա արդեն իր էֆեկտը տվել է: 15 հազար նոր քաղաքացիներ են միացել համակարգին, որի արդյունքում քաղաքացիների ընդհանուր թիվն արդեն 141 հազար է: Դուք ճիշտ եք, 5 մլրդ 500 միլիոն անկանխիկի ծավալ ունենք օգոստոս ամսին և ավելի քան 419 միլիոն դրամ հետվճար»,- հայտնեց Մկրտչյանը՝ նկատելով՝ 15 հազար նոր քաղաքացիների մուտքը համակարգ որոշակի վարքագծային փոփոխություն է իր հետ բերում:
Նախարարի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են ընթանում «Յունիբանկի» հետ:
«Յունիբանկն էլ կմիանա, և կարծում ենք՝ մինչև տարեվերջ բավական մեծ ծածկույթ կունենանք շահառուների մասով»,- հավելեց Մկրտչյանը:
Վարչապետի խոսքով՝ հիմա կարող ենք արձանագրել, որ կենսաթոշակառուների մոտավորապես 20-25 տոկոսն արդեն օգտվում է ծրագրից:
«Ուզում եմ հիշեցնել, որ, ըստ էության, մի տարին լրացավ, մենք համարյա զրոյից հասել ենք 5 մլրդ դրամ անկանխիկ առևտրի կենսաթոշակառուների կողմից, ինչը շատ լավ ցուցանիշ է»,- նկատեց վարչապետը:
«Մենք զրոյականից՝ մեկնարկից մինչև օգոստոսը ներառյալ, ունենք 43,2 մլրդ-ի անկանխիկի ընդհանուր ծավալ, իսկ ընդհանուր վերադարձրել ենք 3,6 մլրդ դրամ»,- հայտնեց Նարեկ Մկրտչյանը:
«Վստահ եմ, որ այս առևտրի ինչ-որ մի տոկոս պարզապես ստվերից եկել է արդեն երևացող, հարկվող դաշտ, ինչը կառավարության և կենսաթոշակառուների համագործակցության շատ լավ օրինակ է»,- խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետը: