Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումը՝ ՀՀ 2023 թ. պետական բյուջեի 6 ամսվա տնտեսված գումարները ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրելու վերաբերյալ։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը համալրվել է շուրջ 8,794.5 մլն դրամով՝ հետագայում որոշակի առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղելու նպատակով:
Կառավարությունից նաև հայտնում են, որ գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով կրճատելու, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 2 դատավորով և ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկություններին: Արդյունքում հնարավոր կլինի ապահովել դատարաններում քաղաքացիական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, գործերի բաշխման համաչափության ողջամիտ հարաբերակցության ապահովումը:
Գործադիրը հաստատել է Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության և կենսանվտանգության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու կյանքին և առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագիրը: Արդյունքում ՀՀ-ում կբարելավվեն կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումները, կբարձրանա հասարակության տեղեկացվածության մակարդակը, կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն, կբարձրանա պարենային անվտանգության մակարդակը: