Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, մասնավորապես՝ ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի պահանջարկով պայմանավորված: Բացի դրանից՝ նախատեսվում է հանրապետությունում ներդնել հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրություն, որը կնպաստի անասնապահության ոլորտում վերջին տարիներին առաջացած անասնակերի ապահովման խնդիրների մեղմմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև հանրապետությունում ջրի սակավության, փոփոխական և խիստ կլիմայի, միջսահմանային միջադեպերի պատճառով սահմանամերձ համայնքների արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքները ադրբեջանական վերահսկողության կամ նշանառության տակ գտնվելու պատճառով անասնակերի պակասուրդով: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Այսպիսով, առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, կսուբսիդավորվի հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը: Կսահմանվի տնտեսվարողների կողմից հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ կանխավճարի սուբսիդավորման ընթացակարգը և անհրաժեշտ ձևանմուշները: Կհանվի թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար սահմանված առավելագույն 200 մլն դրամ սահմանաչափը: Կհանվի յուրաքանչյուր տարի շուրջ 4.3 մլրդ դրամ արժեքով ձեռք բերվող սարքավորումների լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում իրականացնելու և լիզինգի հիմնական գումարի 1.5 մլրդ դրամը մինչև 35 մլն դրամ արժեքով սարքավորումների ձեռքբերմանը տրամադրելու պայմանը։ Ծրագրի շրջանակում 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսի սուբսիդավորման գումարի ընդհանուր տարեկան ֆինանսական գնահատականը 10 տնտեսվարողի հաշվարկով տարեկան կկազմի շուրջ 40 մլն դրամ: