Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից լրագրողը հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով, որի առնչությամբ երեկ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ կողմերին դեռևս չի հաջողվում առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք սա, ինչպես նաև սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումները նշանակո՞ւմ են, որ բանակցությունները փակուղի են մտնում:
Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ կողմերը բավականին բարդ գործընթացի մեջ են գտնվում երկար ժամանակ, և որևէ մեկը չի ասել, որ խաղաղության հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը հեշտ է տրվելու, քանի որ բազմաթիվ դրվագներում կողմերի մոտեցումները հեռու են իրարից: «Ճիշտ եք, հինգերորդ շրջափուլն է, որ առաջարկներով փոխանակվում ենք: Հիմա ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, դրանք կուսումնասիրվեն մեր կողմից, գործընթացը շարունակվում է: Բանակցությունները փակուղում չեն գտնվում, որքան էլ որ բարդ է իրավիճակը, և ինչպես ճշգրիտ նշեցիք՝ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներ կան»,- ասել է նա:
Լրագրողը նաև հարցրել է, թե ինչպե՞ս է արձագանքել Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին:
Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ վերջին առաջարկների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: «Կան կետեր, որոնց շուրջ համաձայնության դեռևս չենք կարողանում հասնել, բայց շարունակում ենք բանակցել, քանի որ ասել ենք, որ Հայաստանի նպատակներից մեկը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելն է: Չնայած այն հանգամանքին, որ բարդություններ են առաջանում, որ բանակցությունների մյուս կողմը՝ Ադրբեջանը, միշտ չէ, որ կառուցողական է լինում, շատ հաճախ ապակառուցողական է լինում՝ մենք չպետք է մեր նպատակներից շեղվենք, և պետք է շարունակենք աշխատանքները խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ, և այդ աշխատանքները շատ դեպքերում պետք է ծավալենք մեր միջազգային գործընկերների հետ»,- ընդգծել է նա:
Հարց է հնչել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ: Արուսյակ Ջուլհակյանի խոսքով Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի: «Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ է, և մենք մեր ստորագրության տերն ենք: Հետևաբար, Հայաստանը շարունակում է պնդել և շարունակելու է պնդել Լաչինի միջանցքի՝ երկու ուղղությամբ ազատ տեղաշարժի հարցում: Այդ առումով մենք աշխատում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Շարունակելու ենք այդ ուղղությամբ կիրառել թե՛ քաղաքական, թե՛ իրավական գործիքակազմերը: Գիտեք, որ միջազգային երկու դատական ատյաններից արդեն ունենք մի քանի միջանկյալ որոշումներ, և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները»,- նշել է պատգամավորը:
Աղդամի ճանապարհի բացմանն առնչվող հարցի կապակցությամբ էլ պատգամավորները, հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նշել են, որ դրա վերաբերյալ քննարկումներն ու որոշումները Հայաստանի տիրույթում չեն, ուստի այդ հարցը պետք է ուղղել ԼՂ իշխանություններին: Փաստաթղթում պարզ գրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանն էլ պետք է ապահովի երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Անդրադառնալով պայմանագրի շուրջ տարաձայնությունների վերաբերյալ հարցին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ հիմնական, ամենագլխավոր կետերը վերաբերում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացմանը, ՀՀ-ի ինքնիշխանության և սուվերենության պահպանմանը: «Սրա տակ կան, բնականաբար, բացվածքներ, դետալներ, որոնց մասին այս պահին հրապարակային խոսելու կարիք չկա»,- ասել է նա: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ և երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: «Դուք գիտեք, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ղեկավարի միջև տարածքային ամբողջականության ճանաչելու մասին, բայց մինչև այս պահն այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,- պարզաբանել է նա: