Ռազմաուսումնական հաստատությունների ամսական դրամական ապահովումները կբարձրանան: Այդ մասին առաջարկվող փոփոխությունները Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ սահմանվել է նոր կարգ, անփոփոխ դրույքներ, ըստ որի՝ առաջին կուրսի կուրսանտի ամսական դրամական ապահովության չափը կազմում է 15 հազար դրամ, երկրորդ կուրսի կուրսանտինը՝ 20 հազար դրամ, երրորդինը՝ 25 հազար դրամ, չորրորդինը՝ 30 հազար դրամ, հինգերորդ և բարձր կուրսի կուրսանտինը՝ 35 հազար դրամ:
Միջին որակավորման գնահատականի (ՄՈԳ) հիման վրա սահմանվելու են նաև գործակիցներ: 60-70,9 ՄՈԳ-ի պարագայում սահմանում ենք 3 գործակից, 71-ից մինչև 79,9-ի դեպքում՝ 4 գործակից, 80 տոկոսի և բարձրի դեպքում՝ 5 գործակից:
«Այսինքն՝ առաջին կուրսում գործակիցների ՄՈԳ-ի պարագայում ունենալու ենք հետևյալը. առաջին կուրսի կուրսանտը կարող է ստանալ 45-ից մինչև 75 հազար դրամ, տարբեր առաջադիմությունների դեպքում, այսինքն՝ 45, 60, 75 հազար, այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով:
Երկրորդ կուրսում դա լինելու է 60, 80, 100 (հազար դրամ – խմբ.), այսինքն՝ բազմապատկում ենք 3-ով, 4-ով, 5-ով: Երրորդ կուրսում՝ 75-ից մինչև 125, այսինքն՝ 75 հազար, 100 հազար, 125 հազար: Չորրորդ կուրսում՝ 90, 120 և 150 հազար: Եվ հինգերորդ և բարձր կուրսում՝ 105 հազար, 140 հազար, 170 հազար:
Այսինքն՝ մեր դասական պատկերացմամբ գերազանց սովորող կուրսանտը հինգերորդ կուրսում կարող է ստանալ 175 հազար թոշակ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կրթաթոշակներին, Պապիկյանը նշեց, որ այդ մասով նախագիծը կներկայացվի հոգաբարձուների խորհրդին, և որ ենթադրում է՝ այդ մասով առարկություններ չեն լինի: Այնտեղ էլ, ըստ առաջադիմության, սաների համար կսահմանվեն ամսական 15 հազար, 30 հազար և 45 հազար դրամի չափի բավարարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, քանի որ խոսքը անչափահասների մասին է, այդ գումարի օգտագործման որոշակի սահմանափակումներ են լինելու: Գումարի մի մասը սաները կօգտագործեն արձակուրդին, մյուս մասը՝ 18 տարին լրանալուն պես: Բանկային քարտերը կլինեն սաների անվամբ բացված հաշիվներով: