ՊՆ-ն ներկայացրել է նախագիծ, որով կարգավորվում է իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության մասով զորակոչի գործընթացը: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը:
«Հիշեցնեմ, որ իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ-ի կողմից հավանության էր արժանացել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգ, և հիմա այս նախագիծն այդ մասին է, որ մենք կարողանանք իրականացնել հաշվառման և կարգավորման հարցեր»,- պարզաբանեց Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց՝ ինչ է նշանակում կամավոր և պարտադիր զինվորական ծառայություն: Այն է՝ իգական սեռի ցանկացած ներկայացուցիչ կարող է 6-ամսյա ծառայության որոշում կայացնել, բայց զորակոչվելուց հետո 6-ամսյա ծառայությունը դառնում է պարտադիր:
«Ժամկետային զինծառայության անցած կանայք, այնուամենայնիվ, ծառայության վերջում կստանան 1 միլիոն դրամ դրամական բավարարում. սա կարևոր հանգամանք է:
Մենք սրանով փորձում ենք 2 խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակը ԶՈՒ-ում մեծացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել, որովհետև նրանք կարող են ներգրավված լինել և լիարժեք աշխատանքային կարիերա անել:
Սա ինչի՞ համար եմ ասում. որովհետև 6-ամսյա ծառայությունից հետո ծառայություն անցած բոլոր մեր հարգելի կանայք կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ մասնավորապես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով»,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց, որ 6-ամսյա պարտադիր ծառայությունից հետո զինծառայությունը շարունակելու ցանկություն ունեցողների աշխատավարձը կլինի կրկնապատկված դրույքով՝ կախված ատեստավորումից:
«Բանակում չկա կին, բանակում չկա տղամարդ, բանակում կա զինվոր կամ զինվորական, և մենք պետք է այս տրամաբանությունը դնենք, այդպես գնանք, այդպես առաջնորդվենք, վարվենք, որպեսզի կարողանանք նաև ձևը բովանդակությամբ լցնենք:
Սա վերնագիր չէ, սա լրջագույն նախագիծ է»,- ասաց Փաշինյանը:
Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց՝ զորակոչի մասով հիմնական ակնկալիքը լինելու է 2024 թվականի ամռանից, սակայն Նիկոլ Փաշինյանն առարկեց՝ պետք է այս ձմեռային զորակոչին խնդիրը լուծել: