Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում և 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ հատկացրեց 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար:
Զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց՝ ներկայացված նախագծով նախատեսվում է ԿԳՄՍՆ-ին 2023 թ. պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 3 մլրդ 134 միլիոն 615 հազար դրամ գումարի չափով:
«Վերաբաշխման նպատակն է ապահովել անհրաժեշտ հատկացումները 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար: Ինչպես գիտեք, մեր մեծածավալ ծրագրերից 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շենքային պայմանների ապահովման ծրագրերի շրջանակներում մի շարք ծրագրեր ունենք մոդուլային դպրոցների և մանկապարտեզների հետ կապված:
Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակներում ունենք ընդհանուր առմամբ 25 հաստատություններ, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են Դեղձուտում և Արգինայում, ևս 9-ինն ավարտվում է այս տարի, որոնց համար լրացուցիչ հատկացումներ են նախատեսված այս նախագծով, ընդ որում, Կաթնաղբյուրի դպրոցը, որը ներառված է այդ հատկացումների ցանկում, արդեն իսկ աշխատանքների ավարտ է գրանցել և դպրոցը նորակառույց շենքում է այս տարվանից աշխատում: Ընդ որում, մոդուլային դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլև որպես համայնքային կենտրոններ:
Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ունենք 19 հաստատություն, որոնցից 4-ի շինարարական աշխատանքներն ավարտվում են այս տարի, 2-ի մասով նախատեսված են հատկացումներ, որոնք ներառված են այս նախագծում: Ընդհանուր առմամբ, մոդուլային մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 նախադպրոցական տարիքի երեխաների»,- հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ ներկայացված նախագիծը վերաբերում է նաև դպրոցների մարզադահլիճների կառուցման և վերակառուցման ծրագրերին՝ 15 դպրոցի մարզադահլիճի կառուցում և 9 դպրոցների մարզադահլիճների վերակառուցում:
Նախարարը տեղեկացրեց՝ մինչև տարեվերջ կավարտվեն նաև 2019-ին մեկնարկած Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները:
«Այս որոշումով մենք շարունակում ենք 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ արդեն ունենք մի շարք դպրոցներ, որոնք ավարտված են և ներկայացրեց կատարված աշխատանքները:
Վարչապետի խոսքով՝ նաև կան դպրոցներ, որոնք գույքային որոշակի խնդիրներ ունեն, որոնք, սակայն, կլուծվեն մինչև տարեվերջ:
Ներկայացնելով կառուցվող մարզադահլիճների ցանկը՝ վարչապետը նկատեց՝ արձանագրել են շատ տարօրինակ փաստ՝ մեր երկրում կան դպրոցներ, որոնք ի սկզբանե մարզադահլիճ չեն ունեցել:
«Դա նույնն է, որ դպրոց ունենայինք առանց դասասենյակների, և շատ կարևոր է, որ ծրագիրն իրականացվի»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ունենք նաև վերակառուցվող մարզադահլիճներ, մանկապարտեզներ, որոնք նույնպես պետք է վերակառուցել:
«Այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն իսկ նորոգված են և շահագործման են հանձնված, այդ դպրոցների հզորությունը թույլ է տալիս ընդունել 14 700 աշակերտ: Իհարկե, մեր նպատակները գիտեք, և 300 դպրոցի ծրագիրը բավական լավ տեմպերով ընթանում է»,- ասաց ՀՀ վարչապետը: