ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է, որ վերջին ամիսներին պետքարտուղարությունը ակտիվ ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում սաստկացող մարդասիրական իրավիճակին լուծում գտնելու ուղղությամբ:
«Մենք խորապես մտահոգված ենք այն համգամանքով, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, և ԼՂ ժողովրդի համար դրա մարդասիրական հետևանքներով: Ստատուս քվոյի պահպանումը մեզ համար միանգամայն անընդունելի է: Մենք չենք դադարի աշխատել, մինչև չհասնենք լուծման: Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր տեղաշարժի համար: Այդ ուղերձը մենք բազմիցս հղել ենք Ադրբեջանի ղեկավարությանը տարբեր մակարդակներով՝ ինչպես հարապարակային, այնպես էլ մասնավոր խողովակներով»,- նշել է Քիմը:
Նա ողջունել է Աղդամի ճանապարհով մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, հավելել՝ դա բավարար չէ: Պաշտոնյան հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները համաձայնել են միաժամանակ բացել երկու ճանապարհները, և դա այլևս չի կարելի հետաձգել:
Քիմի խոսքով՝ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է: Դրանց լուծումը, ըստ դիվանագետի, երկխոսությունն ու փոխզիջումներն են:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած բանակցությունների մասին, հավելել՝ խաղաղության պայմանագրին հասնելը հեշտ չի լինի: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը կշարունակի իր ջանքերն արժանապատիվ և տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Դրա կարևոր տարրերից է լինելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը: Քիմը նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է միջազգայնորեն ճշտված երաշխիքներ տրամադրել, որ ԼՂ բնակչությունը անվտանգ կապրի իրենց տներում:
«ԱՄՆ-ը կարող է ավելացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում, ամրացնել ամեն պետության կարողությունը՝ պաշտպանելու սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Քիմը: