Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայանում, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Երկու առաջնորդների դեմ առ դեմ ձևաչափով բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։
Կիմ Չեն Ընը Ռուսաստան է ժամանել հատուկ գնացքով, որը կանգ է առել տիեզերակայանի երկաթուղային կայարանում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանակցությունների մեկնարկից առաջ երկու երկրի ղեկավարները ծանոթացել են «Անգար» նոր հրթիռակրի հավաքման ընթացքին, ինչպես նաև «Սոյուզ-2» հրթիռակրի արձակման մեկնարկային համալիրին։
Արևմտյան փորձագետները մատնանշում են Հյուսիսային Կորեայի ցանկությունը՝ զարգացնել սեփական հետախուզական արբանյակային ծրագիրը և ձեռք բերել հրթիռային նոր տեխնոլոգիաներ։
Մինչ հանդիպման մեկնարկը Reuters-ը նշել է, որ բանակցությունների կարևոր թեմաներից մեկը, ըստ ամենայնի, հյուսիսկորեական զենքի մատակարարումն է Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու նպատակով։ The New York Times-ն էլ գրել է, որ Մոսկվան հույս ունի Փհենյանից ստանալ խորհրդային ծագման հրետանային արկեր և հակատանկային հրթիռներ։
Ավելի ուշ պետությունների ղեկավարներին են միացել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։