ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀ-ում ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:
«Ես ինչքան տեղյակ եմ, դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը, և որևէ արտառոց բան չկա»,- ավելացրեց վարչապետը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»:
Խոսելով Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասին՝ նա նշեց, որ Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ: «Այն վավերացվելու է իմ դիրքորոշմամբ և մեր խորհրդարանական գործընկերների աջակցությամբ լիարժեք, և դա որևէ կապ չունի ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, դա կապ ունի ՀՀ անվտանգային խնդիրների հետ»,- ընդգծեց նա: