Վաղը մենք Կառավարության նիստի օրակարգ կներառենք մի նախագիծ և կներկայացնենք ԱԺ, որ էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունը նույնությամբ մեկ տարով երկարի: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով էլեկտրամոբիլների հետ կապված արտոնությունների վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դա, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին մեխանիկական երկարաձգումը, և մոտ ապագայում մենք կմշակենք ավելի մանրամասն կարգավորում այդ հարցի վերաբերյալ: Ես ուզում եմ, որ մենք հաշվի առնենք, որ, իհարկե, շատ լավ է, որ հոսք ունենք, և դինամիկան շատ էական է ներմուծումների, բայց ֆիքսենք՝ էլեկտրական մեքենաների ուտիլիզացիոն ռեժիմը լրիվ այլ է: Շատ ավելի թանկ է և շատ ավելի լրացուցիչ անելիքներ է ենթադրում, և, կարծում եմ՝ մեր հետագա կարգավորումները նաև պետք է այդ հարցի պատասխանները և այդ հարցերը հասցեագրեն»,- նշեց փոխվարչապետը: