ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ կառուցապատողներն իրենց կառուցած բնակարաններից որոշակի քառակուսի մետր տրամադրեն պետությանը, որն էլ կտրամադրվի անապահով խավին:
Պատգամավորը նաև կարծում է՝ շատ երիտասարդներ բնակարանի խնդիր ունեն, քանի որ հիփոթեքով բնակարան ձեռք բերել չեն կարող՝ տեղեկանքում գրված ցածր աշխատավարձի պատճառով, դրա համար չեն ամուսնանում, չեն մտածում երեխա ունենալու մասին, ինչն էլ անվտանգային լուրջ խնդիր է:
Թեմային Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ դեմ է այն տրամաբանությանը, որ մարդկանց տուն տան, փոխարենը կողմ է, որ մարդկանց համար հնարավորություն ստեղծեն աշխատելու, և մարդիկ տուն ստեղծեն իրենց համար:
Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարությունը վթարային շենքերի մասով որոշում ունի:
Ըստ վարչապետի՝ Աջափնյակ վարչական շրջանում առաջիկայում՝ ընտրություններից անմիջապես հետո, կմեկնարկի վթարային շենքերի բնակիչներին սեփական բնակարանի դիմաց ժամանակավոր կամ մշտական բնակարան տալու ծրագիրը: Արդյունքում՝ վթարային շենքերը կապամոնտաժվեն և դրանց փոխարեն նոր շենքեր կկառուցվեն:
«Այսինքն՝ գործնականում ձեր նշած հարցերի լուծումները մենք ունենք, այլ բան է, որ մենք որոշակի մեխանիզմ ենք առաջարկում, որը մեզ կդնի զարգացման ծրագրի, ոչ թե ուղղակի սոցիալական աջակցության ծրագրի մեջ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ 2018 թվականից ի վեր եկամտահարկի վերադարձի պայմանով ՀՀ-ում առնվազն 37 հազար մարդ ձեռք է բերել բնակարան նորակառույց շենքում, իսկ եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերողներ քաղաքացիների ընդհանուր թիվը 40.440 է: