ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում հանձնարարություն տրվեց ուսումնասիրելու Գորիսի օդանավակայանի վերագործարկման հարցը: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ մասով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՏԿԵ նախարարից հետաքրքրվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կան արված, նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք:
«Աշխատանքները բաժանել ենք երկու մասի. առաջին հերթին՝ թռիչքուղին կարգի բերել, համապատասխանեցնել որոշակի ստանդարտների, որպեսզի կարողանա ծառայել թռիչքների համար: Ինչպես նաև, կարծում եմ՝ տեղյակ եք, որ Կապանի օդանավակայանը ռեզերվային այլ հարևան կամ հարակից օդանավակայան չունի, և մենք, լինում են դեպքեր (արդեն 4 նման դեպք ունենք), երբ Կապանի չվերթերը չեղարկում ենք: Կամ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից վերադառնում է Երևան (ինքնաթիռը -խմբ.), որովհետև այլ տեղ չունի, եթե անբարենպաստ եղանակային պայմաններ են: Այսինքն՝ Գորիսի օդանավակայանը կարող է այդ նպատակին ծառայել, և Կապանում եղանակային պայմաններ չլինելու դեպքում որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նաև հավելեց, որ այդ մասով վարչապետի հանձնարարականն է՝ ոչ միայն ռեզերվային օդանավակայան ունենալ, այլև ծածկույթը, ասֆալտը, շենք-շինությունները բերել տեսքի և շահագործել այն որպես օդանավակայան:
«Հիմա այդ ուղղությամբ որոշակի տեխնիկական փաստաթղթերի ֆինանսական գնահատականի մշակման փուլում ենք: Մոտ օրերս նորից աշխատանքային խումբ է գործուղվելու»,- ասաց Սանոսյանը:
Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ինտենսիվությամբ են գործում Կապան-Երևան թռիչքները:
«Հիմա կանոնավոր չվերթեր ունենք. դրանք երկուշաբթի և ուրբաթ օրերին են: Երկուշաբթի գնում-վերադառնում է և ուրբաթ է գնում-վերադառնում: Հիմա ժամերն ենք փոխել, բայց օրերը նույնն են: Մենք արդեն 4 անգամ՝ եղանակային պայմաններով պայմանավորված, խնդիրներ ենք ունեցել»,- ասաց նա:
Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ այժմ նավիգացիոն ոլորտում սարքավորումների տեղադրման կարիք կա, և որ դրանք գնման գործընթացում են, ինչն ավելի կհեշտացնի չվերթերի սպասարկումը:
«Միակ խնդիրը, որ առաջանում է, եղանակային պայմաններն են: Բայց նման խնդիր եղել է նույն Սովետական Միության տարիներին, երբ բավականին ծանրաբեռնված աշխատել է, բայց եղանակային պայմանների պարագայում նորից նման հարցեր եղել են: Հիմա նորմալ գրաֆիկով երկուշաբթի սպասում ենք չվերթի»,- ասաց նախարարը: