«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց անշարժ գույքի վարձակալության պայմաններում ուսանողական հանրակացարանների վիճակի մասին:
«Հանրակացարանները և ուսանողների կեցությունը ընդհանուր առմամբ համակարգային խնդիր են, և երկարաժամկետ կտրվածքով այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի շրջանակներում, որտեղ նախատեսված է ամբողջական համալիր, որտեղ նաև ուսանողների ու դասախոսների կեցության հնարավորություններ են լինելու»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Խոսելով ներկա պահին եղած լուծումների մասին՝ նախարարը հիշեցրեց Զեյթունի ուսանողական հանրակացարանի մասին, որն այս պահին լավ վիճակում չի գտնվում, և բյուջեով պլանավորված է դրա վերանորոգման աշխատանքը, որը, Անդրեասյանի համոզմամբ, թույլ կտա կրկնապատկել այնտեղ կեցություն ունենալու հնարավորությունը:
«Եթե այս պահին շուրջ 200 ուսանող է կարողանում այստեղ իրենց կեցությունը ապահովել, ապա արդեն 400 ուսանողների համար սա կլինի նորմալ հանրակացարան: Բայց նաև մեր բուհերում տարեցտարի ավելանում է օտարերկրյա ուսանողների թիվը: Մեր ռազմավարության թիրախ է օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկումը, ուստի առաջնահերթ մեր աշխատանքների թիրախում է Ակադեմիական քաղաքի հետ կապված աշխատանքները տեմպով իրականացնելը: Ինչ վերաբերում է մեր մարզաբնակ ուսանողներին, պետք է հիշեցնեմ Կառավարության ևս մեկ ծրագիր, որը սեպտեմբերից մեկնարկեց. կրթաթոշակի նոր մոտեցումն է, որով մասնավորապես այս պահին մանկավարժական ուղղություններով բնագիտական ուղղությունների ուսանողների համար ստեղծվել է առնվազն 70 հազար դրամ ամսական կրթաթոշակի հնարավորություն, որը թույլ կտա նաև սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները, և դա կընդլայնի կեցությունն ապահովելու նրանց հնարավորությունները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերանորոգման ժամկետներին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծման գործընթացն արդեն ավարտվել է: «Մենք շինարարության փուլի պետք է գնանք, և հունվարից ֆինանսավորումը պլանավորված է»,- ասաց նախարարը: