Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ պայմանավորվել այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, և ամբողջ Ղարաբաղը փաստացի մնան Հայաստանի իրավասության տակ: Բայց Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց, թեև մենք փորձում էինք համոզել Հայաստանին ավելի քան մեկ տասնամյակ՝ տասը-տասնհինգ տարի։ Մեր հարցին, թե ինչ եք անելու, մեզ պատասխանեցին՝ կռվելու ենք։ Ասացինք՝ լավ: Ի վերջո, ամեն ինչ հանգեցրեց այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքը չէ, այլև նաև այն, որ Հայաստանը «ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»:
«Իսկ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ադրբեջանում ասում են, եթե Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բանով զբաղվել Ղարաբաղի մասով, այսուհետ բոլոր հարցերը պետք է լուծվեն Բաքվի հետ երկկողմ հիմունքներով։ Իսկ մենք ինչ ասենք։ Այստեղ ասելու բան չկա»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը, նշել. «Մանդատը դեռ գործում է, իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ ասել են և մինչ օրս էլ ասում են, շահագրգռված չէ որևէ էթնիկ զտման հարցում»։
Պուտինը նաև նշել է, որ ՀՀ վարչապետն իրեն ծավալուն նամակ է ուղարկել։ «Մենք Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունենք, և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- նշել է Պուտինը։
Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը իր ելույթում չի անդրադարձել իր իսկ կողմից 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 22-ին, «Россия 1-ին» տված հարցազրույցում արած հայտարարությանը, որի համաձայն՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները համարվել են և համարվում են Ադրբեջանական Հանրապետության անբաժանելի մաս»: