Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը հիմնարար խնդիր է, և այն պետք է լուծվի խաղաղության գործընթացում որևէ նշանակալի արդյունքի հասնելու համար: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Վստահաբար կարող եմ փաստել, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի վարչապետը ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնարին թվացող քայլերը՝ խաղաղ բանակցությունների նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու նպատակով:
Այդ բոլոր քայլերին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակել է ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց պահել իր բանտերում, նոր պատանդներ է առևանգել Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից, իր զորքերը դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով նրա վրա, սպանելով և վիրավորելով ավելի ու ավելի շատ մարդկանց, արգելափակված է պահում հաղորդակցությունները, տորպեդահարում պետական սահմանի սահմանազատման գործընթացը, պաշարել և սովամահ է անում Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչների, մերժում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները միջազգային մեխանիզմների շրջանակներում։
Այս ամենը խաթարել է և շարունակում է վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև դրանում ներդրված՝ բոլոր միջնորդների ջանքերին։ Այժմ, ի լրումն այս ամենի, Ադրբեջանն իր զորքերը կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի շփման գծի երկայնքով և իր ողջ պետական քարոզչությունը կենտրոնացրել պատերազմի մասին խոսակցությունների վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը:
Խաղաղ գործընթացն ընդունելի փուլ վերադարձնելու համար միջազգային հանրությունն ու միջնորդները պետք է Ադրբեջանից պահանջեն համարժեք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի՝ վստահության ամրապնդման քայլերի: Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակում, որը կերաշխավորի նրա ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ադրբեջանական բանտերից ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, սկսի սահմանազատման և սահմանագծման գործընթացը 1975 թվականի քարտեզի հիման վրա և ապաշրջափակի տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները՝ կողմերի ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա:
Սրանք նվազագույն քայլեր են, որոնք կարող են վստահություն ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Մարուքյանը։