Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածները, որոնք վերաբերում են տարեկան ծրագրեր հաստատելուն: Դրա փոխարեն առաջարկվում է լրամշակել 33-րդ հոդվածը՝ զետեղելով համալիր ծրագրի մասին լիազորող նորմ: Դա հնարավորություն կտա երեխայի իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգին վերաբերող երկարաժամկետ թիրախներ սահմանել և հստակ վերջնաժամկետներ, ինչպես նաև՝ կարճաժամկետ միջոցառումների առաջնահերթություն: Կսահմանվեն նաև ցուցանիշներ ֆինանսական ու ֆիսկալ հնարավորությունների աղբյուրների մակարդակում: Համալիր ծրագրերը կունենան մոնիտորինգային ցուցանիշներ: ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելու ժամանակ:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարևորել է երեխայի իրավունքների ոլորտը համակարգող ընդհանրական ծրագրի մշակման մտահղացումը: Ըստ նրա՝ դա նախապայմաններ կստեղծի երեխայի լիարժեք և համակողմանի զարգացմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումները փոխարինել առավել ընդգրկուն ու շարունակական և երկարաժամկետ միջոցառումների հնարավորության համար:
Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ստացվել:
Նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ և ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: