ԱԺ-ն քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Էմմա Պալյանի կողմից ներկայացված՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին» օրենքում, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:
«Խոսքը վերաբերում է բնակչության բժշկական օգնության սպասարկում իրականացնող համայնքային և պետական ենթակայության հիմնարկներին և ՊՈԱԿ-ներին, ՀՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Ըստ էության, ՀՈԱԿ-ները և ՊՈԱԿ-ներն իրականացնում են միանման գործառույթ, այսինքն՝ առողջության առաջնային պահպանում, և նրանց մի մասն այս պահին ՀՈԱԿ է, մյուս մասը՝ ՊՈԱԿ: ՀՈԱԿ-ներն առաջնորդվում են ՏԻՄ-երի մասին օրենքով, ՊՈԱԿ-ները՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքով, և, ըստ էության, իրականացնելով համանման գործառույթ, նրանց տնօրենների թեկնածուների պահանջները տարբերվում են միմյանցից՝ կախված ենթակայությունից: Նախագծով նախատեսում ենք միասնական դարձնել տնօրենի թեկնածուների պահանջները և, անկախ կազմակերպաիրավական ձևից, ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենի թեկնածուներ կարող են լինել բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձինք կամ առողջապահության կառավարում և մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն երեք տարվա հանրային ծառայության ստաժ կամ չորս տարվա բժշկական մասնագիտական ստաժ. նրանց մրցույթների հարցաշարերի մշակումը վերապահել ենք առողջապահության նախարարությանը, իսկ մրցույթի անցկացումը, հայտարարումը, այդ ամբողջ գործառույթը թողել ենք այն պետական մարմիններին, որոնց ենթակայության տակ գտնվում են այդ կազմակերպությունները»,- ասաց Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ հիմա հնարավորություն է ընձեռվում, որ ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրենները իրավունք ունենան նույն կազմակերպությունում կատարել այլ վճարովի աշխատանք, այն է՝ իրականացնել բժշկի գործառույթ:
Հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ հարցը քննարկվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն:
«Պարոն Զեյնալյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կարիքներից ելնելով. փաթեթում առաջարկվող փոփոխությունները կհստակեցնեն նշված թեկնածուների պաշտոնի նշանակման պահանջները և գործընթացը, նաև նրանց հետագա աշխատանքը ինչպես պետական, այնպես էլ համայնքնային առողջապահական կազմակերպություններում, նաև ինչ-որ չափով կլուծի կադրային սուղ խնդիրները»,- ավելացրեց հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: