Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ նախագիծը հակիրճ է, տեխնիկական որոշակի կանոնակարգումներ են իրականացնում, հիմնականում նպատակ ունի օրենսգրքով կիրառվող հասկացությունները համապատասխանեցնելու սնանկության մասին օրենքով սահմանված կարգավորումներին, քանի որ սնանկության մասին օրենքում որոշակի փոփոխություններ են եղել, որոնցից բխում են Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները:
«Մասնավորապես նախատեսվում է, որ եթե հարկային պարտավորությունը գերազանցում է երկու միլիոն դրամը, իսկ երկու միլիոն դրամը Սնանկության մասին օրենքով սահմանված շեմն է, որով սկսվում են սնանկության վարույթները, ապա հարկային պարտավորությունները կդադարեն, եթե Սնանկության մասին օրենքով կազմակերպության կամ ԱՁ-ի գործունեությունը դատարանի վճռով համարվում է լուծարված: Եվ երկրորդ խումբը՝ եթե պարտավորությունը փոքր լինի երկու միլիոն դրամից, ապա այն կդադարի, եթե պարտավորության կատարման վերջնաժամկետից՝ կազմակերպության, ԱՁ-ի դեպքում անցել է յոթ տարի, իսկ ֆիզիկական անձանց դեպքում՝ հինգ տարի: Բնականաբար, այս տարիների ընթացքում պարտավորության վերջնաժամկետից հետո կատարվում են գանձման, արգելադրման վարույթներ, այսինքն՝ պետությունն ուղղակի չի սպասում յոթ տարի»,- նախագծի բովանդակությունը մանրամասնեց Թամազյանը:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ օրենքն ընդհանուր առմամբ տեխնիկական բնույթի փոփոխությունների համախմբում է՝ պայմանավորված այլ օրենքների հետ համահունչ լինելու հանգամանքով:
Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: