ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Վերահաստատում ենք կոչը, որը հանգստյան օրերին արեց պետքարտուղարն իր հայտարարության մեջ` հորդորում ենք Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ և միաժամանակ բացել՝ ԼՂ-ում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին ծայրահեղ անհրաժեշտ հումանիտար մատակարարումները թույլ տալու համար։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին չձեռնարկել որևէ գործողություն, որը կմեծացնի լարվածությունը կամ կշեղի այդ նպատակից»,- ասել է նա։
Միլլերի խոսքով` թեպետ կարևոր է, որ ԼՂ-ում լինեն վստահության արժանի ներկայացուցիչներ` այս գործընթացներին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը ԼՂ-ը որպես անկախ և ինքնիշխան պետություն չի ճանաչում, հետևաբար չի ընդունում այնտեղ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
«Միացյալ Նահանգներն այսուհետ ևս վճռականորեն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` առկա խնդիրներն ուղիղ երկխոսության միջոցով լուծելու, այդ է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն հետևողականորեն ներգրավված են այս հարցում, և մենք կշարունակենք նույն կերպ ներգրավված մնալ»,- ասել է նա։
Պատասխանելով հայ-ամերիկյան զորավարժություններին և Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման հետ դրանց ենթադրյալ առնչության մասին հարցին, Միլլերը նշել է.
«Մենք կանոնավոր կերպով մարզվում և գործում ենք մեր գործընկերների կողքին՝ պատրաստականությունը պահպանելու համար, և մենք շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը: Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած այլ իրադարձությունների հետ»։