ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատի նիստում նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ունի ցեղասպանությանը բնորոշ բոլոր նշանները։
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, կոչ արել պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ՝ պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար: Մենենդեսը նաև Բայդենի վարչակազմին հորդորել է դադարեցնել անվտանգության ապահովմանն ուղղված ցանկացած տեսակի աջակցությունն Ադրբեջանին:
«Վստահ եմ, որ Միացյալ Նահանգները կարող է և պետք է ակտիվ դերակատարում ունենա այս հակամարտության լուծման հարցում»,- ասել է սենատորը՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով ինչպես աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, այնպես էլ միջնորդ հանդիսանալ կողմերի միջև համաձայնագրի կնքման գործում։
Մենենդեսն անդրադարձել է նաև հակամարտության կարգավորման գործում ԵՄ դերին: Նրա խոսքով՝ Ադրբեջանին էներգետիկ ոլորտի կարևոր գործընկեր համարելու փոխարեն՝ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար: