ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդեց «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարնների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը ևս հիմնված է վերջինիս ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտել է. «Այսպիսի մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների այցը և դասախոսությունները ԵՊՀ-ում մեծապես բարձրացնում են թե՛ համալսարանի, թե՛ ընդհանրապես հայկական բուհական համակարգի հեղինակությունը և միջազգային վարկը: Հետագայում պրոֆեսորի հետ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը իտալական ու միջազգային այն բուհերի հետ, որտեղ նա պատվավոր դոկտոր է»:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծել է, որ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը հավասարապես պատվաբեր է թե՛ ընդունողի, թե՛ հանձնողի համար:
«Այս ամենի շնորհիվ ՀՀ-ն և ԵՊՀ-ն ևս մեկ կարևոր «դեսպան» կունենան միջազգային ասպարեզում, ինչը ենթադրում է տարբեր ձևաչափերով ու ուղղություններով համագործակցություններ՝ ակադեմիական, մշակութային, քաղաքական և այլն»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:
Ռոմանո Պրոդին իր երախտագիտությունն է հայտնել շնորհված կոչման համար և շեշտել, որ այն հիմք կլինի գիտակրթական և այլ ուղղություններով հետագա համագործակցության համար: Այնուհետև պրոֆեսորը դասախոսություն է կարդացել «Բարդ աշխարհակարգ» թեմայով, որում ներկայացրել է իր պատկերացումները նոր աշխարհակարգի, այնտեղ ընթացող պարբերական փոփոխությունների, դրական ու բացասական երևույթների, պատերազմների և կոնֆլիկտների, աշխարհում ուժերի հարաբերակցության ու դրա պատճառահետևանքային կապերի վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր: