ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր, հայտնում են կոմիտեի լրատվական բաժնից:
Հավաստագրի տրամադրման իրավասու մարմնի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող «TÜV Reihnland» կազմակերպության կողմից օրերս ՊԵԿ-ին է հանձնվել համապատասխան հավաստագիրը։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի բարելավման և անվտանգության ապահովման ուղղությամբ։ «Մենեջմենթ Միքս» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակում, կոմիտեում, 2023 թ․ հունիսին իրականացվել է տեղեկատվական անվտանգության ուսումնասիրություն։ Նպատակն էր՝ ստուգել ՊԵԿ-ի տեղեկտավության հավաքագրման, մշակման, պահպանման և ոչնչացման հետ կապված գործառույթների համապատասխանությունը միջազգային Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտի պահանջներին։ Ուսումնասիրության ընթացքում «TÜV Reihnland» կազմակերպության աուդիտորները ՊԵԿ ստորաբաժանումներում ուսումնասիրել են տեղեկատվության մշակման հետ կապված գործընթացներ, որի արդյունքում էլ հաստատվել է ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգերի համապատասխանությունը՝ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր ISO/IEC 27001-2013 ստանդարտին։
Կոմիտեն պատրաստակամ է հետագայում ևս հետևողականորեն բարելավել տեղեկատվական համակարգերի անվտանգությունը։