«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները, քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: Հաշվի առնելով տարբեր երկրների փորձը՝ նախագծով առաջարկվում է սահմանել «հեռավար աշխատանք» եզրույթը: Սահմանվում է, որ հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է՝ առանց աշխատանքի վայր ներկայանալու: Սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում հարցը ներկայացնելով՝ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Նրա պարզաբանմամբ հեռավար աշխատանք կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ աշխատանքի բնույթը թույլ է տալիս: Հեռավար աշխատանք իրականացնող աշխատողը պետք է հասանելի լինի գործատուի համար, այդ հանգամանքը կարգավորվելու է աշխատող-գործատու փոխադարձ համաձայնությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ բոլոր հարցերը որոշվելու են գործատուի և աշխատողի գրավոր համաձայնությամբ: Կարգավորումները գործելու են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի գործատուների համար:
Նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հանրային քննարկում, ուսումնասիրվել է միջազգային փորձը, առաջարկներ են ստացվել պատգամավորներից:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կավելանա հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավումն աշխատանքներում: Փոխնախարարը հայտնել է, որ հեռավար աշխատանքն արդյունավետ է և՛ աշխատողի, և՛ գործատուի համար: «Երկու օրից ավելի տևող հեռավար աշխատանքի արդյունավետությունը նվազում է»,-միջազգային փորձին անդրադառնալով՝ ասել է փոխնախարարը:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, անդրադարձել հեռավար աշխատանքի կազմակերպման միջազգային փորձին, քաղաքացիների որոշ մտահոգությունների: Պատգամավորը պարզաբանել է, որ հեռավար աշխատանքի անցումը չի կարող բացասաբար անդրադառնալ ստաժի վրա, ինչպես նաև այն չի կարող հիմք լինել աշխատանքից ազատման: Պատգամավորը հայտնել է, որ որոշ երկրների՝ հատկապես պետական կառույցներում հինգշաբթի և ուրբաթ կամ միայն ուրբաթ օրերին աշխատանքը կազմակերպվում է հեռավար ձևաչափով, ինչի արդյունքում տնտեսվում է գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն: