Գործող կարգավորումներով Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները գործում են միմյանցից անկախ, քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինները՝ քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Մինչդեռ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունի քրեակատարողական ծառայությունը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Առաջարկվող կարգավորմամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ենթակայությամբ կկենտրոնացվեն քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները՝ որպես տարածքային բաժիններ և բաժանմունքներ: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում առաջարկվող լրացումներն ԱԺ նիստում ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Օպերատիվ վարչության ստորաբաժանումները նոր կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն մրցույթի և ուսուցման համապատասխան ընթացակարգեր, արդյունքում հնարավոր կլինի ստորաբաժանումները համալրել բանիմաց, ազնիվ և բարեվարք կադրերով:
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Արփինե Դավոյանը: Նրա գնահատմամբ՝ նախագծի ընդունումը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավմանը և պահպանմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը: