Կարգելվի տեսանկարահանող սարքերի օգտագործումը ֆունկցիոնալ և ախտորոշիչ սենյակներում, բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վիրահատարաններում, հիվանդանոցների բաժանմունքներում, լոգարաններում ու զուգարաններում: Թեմային առնչվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Ըստ պատգամավորի՝ նախագիծը մշակելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ բազմաթիվ բողոքներ են ստացել հիվանդանոցներում նման սարքեր տեղադրելու վերաբերյալ։
«Ֆունկցիոնալ ախտորոշիչ կազմակերպություններում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է:
Տեսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրենց կազմակերպության տեսանելի տարածքներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինի մինչև տեսահսկման տարածք մտնելը»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Նա նաև նշեց, որ եթե հայտնաբերվում է խախտում, տեսանյութերը պահպանվում են մինչև բողոքարկման վարույթի կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Տեսանյութերը պահպանվում են առնվազն 1 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիսը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց՝ պլաստիկ վիրահատությունների՝ հատկապես քթի վիրահատությունների պրոցեսը կթույլատրվի՞ նկարահանել: Լուսինե Բադալյանը նախ նշեց, որ չի կարող արգելվել բժշկագիտական նպատակներով նկարահանումը, ապա հավելեց, որ արգելվում է հրապարակել այն՝ առանց պացիենտի թույլտվության:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց՝ վերակենդանացման սենյակներում տեսանկարահանող սարքեր տեղադրվա՞ծ են:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց՝ վերակենդանացման բաժանմունքները տեսանկարահանվում են, և նպատակը պացիենտների շահերի պաշտպանությունն է:
Նախարարն անդրադարձավ նաև գովազդային նպատակներով նկարահանվող տեսանյութերին՝ նշելով. «Ոչ միայն պետք է ունենանք պացիենտի համաձայնությունը, այլև տնտեսվարողը պետք է դիմի բժշկական գովազդ իրականացնելու համար առողջապահության նախարարություն և ստանա թույլտվություն՝ գովազդ տեղադրելու»:
Նախագծի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զենյալյանը, անդրադառնալով նախագծին, խոսեց խախտման դեպքում սահմանված տուգանքների չափից՝ նշելով, որ արգելված վայրում տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի համար նախատեսված է 50 հազար դրամի տուգանք: 50 հազար դրամի տուգանք է նշանակված նաև Կառավարության սահմանած կարգի խախտմամբ տեղադրված տեսանկարահանող սարքերի համար:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը արտահերթ ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նախագծին առնչվող ինֆորմացիոն անվտանգության հարցին:
«Պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ շատ ժամանակ այդ ցանցերը, որոնք օգտագործվում են նշված տեսալուսանկարահանող սարքերի միջոցով տարածքները տեսանկարահանելու համար, կարող են հասանելի լինել տարբեր երկրների ծառայություններին, տարբեր քաղաքացիներին, կարող են ընդհանրապես ինտերնետում բաց լինել: Եվ, ըստ էության, մենք խնդիր ունենք այն հարցի հետ, որ ցանկացած տնտեսվարող, ֆիզիկական անձ կարող է տեղադրել իր շքամուտքում, բակում, այլ տեղում տեսանկարանվող սարք տարածքների վերահսկողության համար բարի նպատակներով, և դա կարող է հասանելի դառնալ այն մարդկանց, ում պետք է հասանելի չդառնար»,- նկատեց Հակոբ Արշակյանը:
Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից: