«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով 4 հիմնական փոփոխություններ են նախատեսվում: Այդ մասին նախագիծը Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ առաջին փոփոխությամբ առաջարկվում է սահմանել ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի մեկ միասնական, ողջամիտ և բալանսավորված դրույքաչափ: Այս պահին ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են 2 դեպքի համար, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, և երբ անձը ներկայացնում է օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ:
«Երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում 30 հազար էր, իսկ երբ ներկայացնում էր ոչ պիտանի կամ ժամկետանց փաստաթուղթ, այդ դեպքում 10 հազար էր: Այս փոփոխությամբ առաջարկվում է սահմանել 20 հազար ընդհանրական դրույքաչափ»,- ասաց ԱԳ նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին գործում է ՀՀ վերադարձի վկայական տրամադրելու լայն ցանկ:
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այլևս գոյություն չունեցող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթի համար սահմանված դրույքաչափը և ավելացնել գործնականում մատուցվող մեկ այլ հյուպատոսական ծառայության դրույքաչափ, որը ներկայումս սահմանված չէ: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել ազգանվան, անվան, հայրանվան փոփոխության պետական գրանցման ծառայության համար սահմանված պետական տուրքին հավասար դրույքաչափ:
Երրորդ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել տեսակապի միջոցով որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը։ Ըստ այդմ՝ վերադարձի վկայական ստանալու, սովորական, ոչ կենսաչափական անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագիրն օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարացնելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել, ստանալ փոստով՝ այդ նպատակով օգտագործելով տեսակապի հնարավորությունը:
Չորրորդ փոփոխությամբ առաջարկվում է վերացնել այլևս օգտակար նպատակ չհետապնդող և որևէ խնդիր չլուծող արտոնությունը, մասնավորապես, 1998 թվականի դեկտեմբերի 25-ին անձնագրային համակարգի կանոնադրության ընդունումից մինչև 2017 թվականի հունվարի 28-ը գործած խմբագրությամբ սահմանված էր, որ քաղաքացու անձնագիր պարտավոր են ունենալ 16 տարին լրացած բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից:
Սահմանված էր նաև, որ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիները ազատվում են պետտքուրքի վճարումից, որը ՀՀ տարածքում հազար դրամ է, հետագայում՝ 2017-ի հունվարի 28-ից սկսած, 16 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար անձնագիր ստանալը դարձավ կամավոր:
Ներկայումս անձնագիր՝ հին նմուշի կամ կենսաչափական, ստանալու կարիք ունի միայն այն քաղաքացին, որը կարիք ունի հատել օտարերկրյա պետության սահման:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը կոչ արեց հավանություն տալ նախագծին: