Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո, քննարկելով օրակարգային առաջին հարցը. Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 15-ը (ժամը 12։00-ը), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը, որտեղ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին զուգահեռ ներկայացվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի շարք ծրագրերի պարբերական բնույթ կրող անջատումների մասին տեղեկատվություն և այլն։
Եզրակացություն
Քննարկելով «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, հիմք ընդունելով «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատը՝ ըստ որի տեսալսողական մեդիածառայություն մատուցող «Փի Բի Սի» ՍՊ ընկերության «Կինոման» տեսալսողական ծրագրի եթերում ոչ սեփական տեսալսողական հաղորդումները (ֆիլմերը) հեռարձակել է առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի։
Ընկերությունը հայտնել է նաև, որ իր և Հեռարձակողի միջև ֆիլմերի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար վերջինիս հեռարձակել ֆիլմերը ՀՀ տարածքում, իսկ ընկերությունը կրում է պայմանագրային պարտավորություն իրավատիրոջ հանդեպ՝ իր իրավունքները երրորդ անձանց խախտումներից պաշտպանելու ուղղությամբ։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի վերաբերյալ Ընկերության կողմից դիմում-գանգատի հետ ներկայացված հիմնավորումները և Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, և ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
Հանձնաժողովը բավարարել է «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։