Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի խոսքով՝ ներկայումս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորի բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:
«Մասնավորապես, օրենքով նախատեսված է դատավորի թեկնածուի հավակնորդի և դատավորի թեկնածուի բժշկական զննություն, մինչդեռ պաշտոնավարող դատավորի բժշկական զննություն սահմանված չէ: Օրենքով նախատեսված չէ նաև բժշկական զննությունների իրականացման կարգ սահմանելու լիազորություն»,- ասաց փոխնախարարը:
Նախագծով նախատեսվում է ամրագրել նաև լիազորող նորմ Կառավարության կողմից բժշկական զննությունների իրականացման կարգ սահմանելու համար:
«Հավելեմ, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք քննարկվել և ընդունվել են պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն»,- նշեց Նազարյանը: