Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ասաց՝ հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ առաջարկում ենք մասնավորեցման ցուցակից հանել և ԿԳՄՍՆ-ին հանձնել Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը, որը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին՝ ուսումնամարզական հավաքների և մարզումների համար:
«Մարզակառույցն ունի ննջարանային մասնաշենք մոտ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը մոտ 1600 քմ տարածքով, դրանցից մեկը հարմարեցված է գեղարվեստական մարմնամարզությանն ու ակրոբատիկային, մյուսը մենապայքարային մարզաձևերի համար է նախատեսված եղել: Այն անչափ կարևոր կառույց է մեզ համար, որովհետև այդպիսի դահլիճներով այլ մարզահամալիր Հայատանում պարզապես չկա»,- ասաց Կարեն Գիլոյանը՝ խնդրելով կառույցը հանել մասնավորեցման ցանկից և տալ ԿԳՄՍՆ-ին:
«Մարզակառույցը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում»,- պարզաբանեց Գիլոյանը` տեղեկացնելով՝ կարգավորումների համաձայն` կհիմնվի նաև մարզիկների համար նախատեսված առողջավերականգնողական կենտրոն, որի անհրաժեշտությունը շատ մեծ է:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ երբ է մարզակենտրոնը մասնավորեցման ցուցակում հայտնվել, և արդյո՞ք արդեն ներդրումային ծրագրեր կան, ինչին ի պատասխան՝ Կարեն Գիլոյանը հայտնեց, որ որոշվել է կենտրոնը ծառայեցնել հայկական սպորտին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ հայկական սպորտը մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն է առաջացրել, կենտրոնը կառուցելու համար մի քանի ծրագրերով ԿԳՄՍՆ-ին արդեն դիմել են:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ մի քանի մարզական կառույցներ տրվել են մարզական ՀԿ-ներին, որոնց մի մասը օտարվում են ու տեղում էլիտար շենքեր կամ առևտրի կենտրոններ կառուցվում: Պատգամավորը հետաքրքրվել է՝ այս մասով ԿԳՄՍՆ-ն որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է:
«ՀԿ-ների հետ որոշակի խնդիրներ ունենք, որոնք պետք է հասկանանք ու հարցերին լուծում տանք: Ժամանակին պետական կամ համայնքային պատկանելության որոշ մարզադպրոցներ ապօրինաբար մասնավորեցվել են ու ներկայումս այլ նպատակի են ծառայում: Անընդհատ հետևում ենք, որ այդպիսի գործընթաց այլևս չկրկնվի»,- ասաց Գիլոյանը:
«Եկեք մտածենք, օր առաջ ունենանք առնվազն 30 հազար նստատեղ ունեցող ֆուտբոլային մարզադաշտ, որովհետև այսօր էլ ունենք ֆուտբոլ, և, կարծում եմ՝ 30 հազարն այսօր այն թիվը չի, որ մտածենք՝ կունենա՞նք երկրպագուներ, թե՞ ոչ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
«Ինչ վերաբերում է մարզադաշտին, դա հանապազօրյա խնդիր է: Հայաստանի հավաքականի՝ հպարտություն ներշնչող խաղի ֆոնին այսօր այնպիսի պահանջարկ է առաջացել, որ ես ձեզ վստահեցնում եմ, որ հանրապետության բնակչության կեսը ինձանից նեղացած է, որ այս պահին տոմս չեմ կարողանում տալ: Հուսամ, որ, այո, այդպիսի մարզադաշտ կունենանք և այդ մարզադաշտում կարձանագրվեն հայկական ֆուտբոլի նոր փառահեղ հաղթանակները»,- եզրափակեց խոսքը Գիլոյանը։
Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի հավելված 1-ի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում՝ մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկի 45-րդ կետը, որի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը գտնվում է մասնավորեցման գործընթացում:
Մասնավորեցման գործընթացից հանելուց հետո նախատեվում է տվյալ մարզահամալիրը հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ այն հիմնանորոգելու և հավաքական թիմերի մարզման կենտրոն ստեղծելու նպատակով: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն: