Հայտնի իրադարձությունների պատճառով Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրության որոշակի պակաս կամ շեղում կա, մյուս կողմից` ունենք սահմանային որոշակի խնդիրներ, որոնք պետք է հասցեագրենք կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը լրացնենք: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները, նույնիսկ իմ կնոջ այցը Ուկրաինա կապել սահմանային իրադրության հետ, Ձեր հարցում կոնտեքստը այն է` արդյոք այս գործընթացները չեն բերի սահմանային սրացումների»,- ասաց վարչապետը` միաժամանակ հիշեցնելով, որ 2020 թ. սեպտեմբերին այս գործընթացներից ոչ մեկը չկար, նույնն էր նաև 2022 թ. սեպտեմբերին, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ:
«Մենք այսօր փորձում ենք օգտագործել այն գործիքակազմը, որ մեզ կարող է հասու լինել սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնելու, որոնք մեզ կօգնեն: Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Մենք այն վավերացնում ենք, որովհետև ուզում ենք, որ 2022 թ. սեպտեմբերի, 2021 թ. մայիսի դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան. սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացման առումով` այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ոչ մի բան չանել: Մեր պարտավորությունն է ձեռնարկել քայլեր, որոնցով կփորձենք անվտանգության լրացուցիչ, այդ թվում` միջազգային գործիքներ ձեռք բերել: Մենք ակտիվ աշխատում ենք, որ ՌԴ-ում այս ամենի հետ կապված ճիշտ ընկալումներ ձևավորենք: Հռոմի ստատուտի հետ կապված շատ կոնկրետ լուծում ենք առաջարկել, որը բոլոր մտավախությունները կարող է փարատել, և մենք աշխատում ենք այդ լուծման ուղղությամբ»,- ասաց նա: