Խորհրդարանում քննարկվում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ասաց՝ նպատակն է հստակեցնել Կառավարության լիազորությունները և պարտականությունները, սահմանել լիազոր նորմեր և կատարելագործել երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման իրական դաշտը:
«Մասնավորապես, նախագծով առաջարկվում է 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը»,- ասաց Նարեկ Տերյանը՝ ընդգծելով՝ վերոնշված դրույթը նաև կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ համապատասխան գործընթացների իրականացման համար:
Հարկ է նշել, որ ՀՀ-ից կարող են նաև արտահանվել (կամ տարանցիկ փոխադրվել) ապրանքներ, որոնք չեն հանդիսանում ՀՀ կառավարության «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու, երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումն այլ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու, ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 212-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 924-Ն որոշման շրջանակներում կարգավորման առարկա, սակայն որոշ ձևափոխումների արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ և օգտագործվեն ռազմական նպատակներով:
«Այս իմաստով անհրաժեշտություն կա վերահսկելու այդ գործընթացը և բացառելու այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված հնարավոր ռիսկերը»,- ասաց Նարեկ Տերյանը:
Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ օրենքի նախագծով կառավարության գործիքակազմը ավելի ճկուն է դառնում, ինչը թույլ կտա ավելի խիստ վերահսկողություն սահմանել և ապահովագրել որոշակի ռիսկերից:
«Կոչ եմ անում կողմ քվեարկել»,- ասաց Թունյանը:
Սույն նախագծի ընդունումը կհստակեցնի երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում Կառավարության լիազորություններն ու պարտականությունները:
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ: