Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ օրակարգային այս հարցով, ըստ էության, առաջարկվում է ներդնել հաշվառման համարանիշների նոր տեսակ, այն է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ, որոնց իրացումը նախատեսվում է իրականացնել բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով:
«Նախագծի համաձայն՝ Կառավարությունը սահմանելու է, ըստ էության, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, իսկ ՆԳ նախարարը իր հերթին կսահմանի այս աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաև էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը: Էլեկտրոնային աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՆԳ նախարարության կողմից: Ֆիքսվել է, որ աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը: Աճուրդը կիրականացվի «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված ընդհանուր կարգով, եթե, իհարկե, այդ հոդվածում առանձնահատուկ պայմաններ չեն նախատեսվի: Հրապարակային ծանուցումների համար օգտագործելու ենք ՆԳՆ պաշտոնական կայքէջը: Մնացյալ հարցերը ևս կարգավորված են հոդվածի շրջանակներում»,- հավելեց Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ աճուրդին մասնակցել ցանկացող անձը ինտերնետ կայքում ստեղծված համակարգում պետք է ունենա մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար փոխանցի, որպեսզի երաշխավորի իր մասնակցությունը աճուրդին:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը բավական երկար է քննարկվել, հանձնաժողովի գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են:
Նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: