Թեհրանը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ և նշել, որ Երևանը Բաքվի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն է հայտնել: Քանանիի խոսքով՝ ադրբեջանցի պաշտոնյաները Իրանին ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: «Ըստ Ադրբեջանի պաշտոնյաների՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,- մանրամասնել է Իրանի ԱԳՆ խոսնակը և հավելել, որ Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և լրջությամբ հետևում է զարգացումներին: «Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և Իրանն ապահովում է իր սահմանների անվտանգությունը»,- շեշտել է Նասեր Քանանին: Նրա խոսքով՝ Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը: «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պետք է որոշվեն հստակ մեխանիզմով: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»,- հավելել է դիվանագետը: Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում այնպիսի գործողությունների, որոնք կարող են ստվերել այս սկզբունքները»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: